< ՄԱՐԿՈՍ 7 >

1 Փարիսեցիներէն ու դպիրներէն ոմանք՝ որ եկած էին Երուսաղէմէն՝ իր քով հաւաքուեցան:
Եւ նրա մօտ հաւաքուեցին փարիսեցիներն ու օրէնսգէտներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղէմից:
2 Երբ տեսան թէ անոր աշակերտներէն ոմանք՝ պիղծ, այսինքն՝ անլուայ ձեռքերով հաց կ՚ուտեն, մեղադրեցին.
Նրանք տեսնելով, որ նրա աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն՝ անլուայ հաց էին ուտում, բամբասեցին,
3 որովհետեւ Փարիսեցիներն ու բոլոր Հրեաները հաց չեն ուտեր՝ մինչեւ որ լա՛ւ մը լուան իրենց ձեռքերը, քանի որ նախնիքներուն աւանդութիւնը կը պահեն:
որովհետեւ փարիսեցիները եւ բոլոր հրեաները, եթէ ձեռքները մի լաւ չլուանան, հաց չեն ուտում, քանի որ հների աւանդութիւնը պահում են:
4 Շուկայէն եկած ատեն եթէ չլուացուին՝ չեն ուտեր: Ասոնց նման շատ բաներ կան, որոնք ընդունած են ու կը պահեն, ինչպէս՝ գաւաթներու, փարչերու, պղինձէ անօթներու եւ սեղաններու լուացումը:
Նաեւ՝ շուկայից տուն մտնելով՝ եթէ նախ չլուացուեն, չեն ուտում: Եւ ուրիշ շատ բաներ էլ կան, որ աւանդաբար պահում են. ինչպէս՝ բաժակների, սափորների, պղնձէ ամանների ու մահիճների լուացումներ:
5 Հետեւաբար Փարիսեցիներն ու դպիրները հարցուցին անոր. «Ինչո՞ւ քու աշակերտներդ նախնիքներուն աւանդութեան համաձայն չեն շարժիր, եւ անլուայ ձեռքերով հաց կ՚ուտեն»:
Ահա ինչու փարիսեցիները եւ օրէնսգէտները հարց տուեցին նրան. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութեան համաձայն չեն շարժւում, այլ անմաքուր ձեռքերով են հաց ուտում»:
6 Ինք ալ պատասխանեց անոնց. «Եսայի ճի՛շդ մարգարէացաւ ձեր մասին, կեղծաւորնե՛ր, ինչպէս գրուած է. “Այս ժողովուրդը միայն շրթունքո՛վ կը պատուէ զիս, բայց իրենց սիրտը հեռու է ինձմէ.
Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Եսային լաւ մարգարէացաւ ձեր՝ կեղծաւորներիդ մասին՝ ասելով. «Այս ժողովուրդը ինձ շրթներո՛վ է մեծարում, բայց նրանց սրտերը ինձնից հեռու են.
7 ու պարապ տեղը կը պաշտեն զիս՝ մարդոց պատուէրները իբր վարդապետութիւն սորվեցնելով”:
ի զուր են ինձ պաշտում. ուսուցանում են վարդապետութիւններ, որ մարդկանց պատուիրածներն են»:
8 Որովհետեւ Աստուծոյ պատուիրանը ձգելով՝ մարդո՛ց աւանդութիւնը կը պահէք, ինչպէս՝ փարչերու եւ գաւաթներու լուացումը, ու ասոնց նման շատ ուրիշ բաներ կ՚ընէք»:
Աստծու պատուիրանը թողած՝ մարդկանց աւանդութիւնն էք պահում»:
9 Եւ ըսաւ անոնց. «Լա՛ւ կ՚անարգէք Աստուծոյ պատուիրանը, որպէսզի ձեր աւանդութիւնը պահէք:
Ապա աւելացրեց. «Աստծու պատուիրանը լաւ էք անարգում, որպէսզի ձե՛ր աւանդութիւնը հաստատէք.
10 Քանի որ Մովսէս ըսաւ. “Պատուէ՛ հայրդ ու մայրդ. եւ ո՛վ որ անիծէ իր հայրը կամ մայրը, մահո՛վ թող վախճանի”:
որովհետեւ Մովսէսն ասում է. «Պատուի՛ր քո հօրն ու մօրը. եւ ով որ չարախօսի իր հօր կամ մօր մասին, մահուամբ թող պատժուի»:
11 Բայց դուք կ՚ըսէք. “Եթէ մէկը իր հօր կամ մօր ըսէ. "Ի՛նչ օգուտ որ ինձմէ պիտի ստանաս՝ Աստուծոյ տալիք կորբան է", (որ կը նշանակէ՝ ընծայ, ) ան ազատ կ՚ըլլայ”,
Իսկ դուք ասում էք. «Եթէ մէկը հօրը կամ մօրն ասի. ՚Ինչ ինձնից պիտի օգտուես, Կորբան է՚, (այսինքն՝ Աստծուն տալու ընծայ),
12 եւ ա՛լ թոյլ չէք տար անոր՝ բա՛ն մը ընել իր հօր կամ մօր:
դրանով իսկ այլեւս թոյլ չէք տալիս, որ նա իր հօր կամ մօր համար որեւէ բան անի,
13 Անվաւեր կը դարձնէք Աստուծոյ խօսքը՝ ձեր փոխանցած աւանդութեամբ, ու շատ ուրիշ բաներ կ՚ընէք՝ ասոր նման»:
եւ այդպէս անարգում էք Աստծու խօսքը նոյն աւանդութեամբ, որ դուք փոխանցում էք միմեանց: Եւ սրա նման ուրիշ շատ բաներ էք անում»:
14 Ամբողջ բազմութիւնը իրեն կանչելով՝ ըսաւ անոնց. «Բոլո՛րդ ալ մտիկ ըրէք ինծի, ու հասկցէ՛ք:
Եւ նա ամբողջ ժողովրդին իր մօտ կանչելով՝ ասաց նրանց. «Ամէնքդ ինձ լսեցէ՛ք եւ իմացէ՛ք.
15 Ոչինչ կայ՝ որ դուրսէն մտնէ մարդուն մէջ ու կարող ըլլայ պղծել զայն. հապա ինչ որ դուրս կ՚ելլէ անկէ, անիկա՛ է որ կը պղծէ մարդը:
չկայ որեւէ բան, որ մարդու մէջ դրսից մտնելով կարողանայ նրան պղծել. այլ այն, ինչ ելնում է նրանից, ա՛յն է, որ պղծում է մարդուն:
16 Ո՛վ որ ականջ ունի լսելու՝ թող լսէ»:
Ով ականջներ ունի լսելու, թող լսի»:
17 Երբ ինք՝ զատուելով այդ բազմութենէն՝ տուն մտաւ, իր աշակերտները հարցուցին իրեն այդ առակին մասին:
Եւ երբ ամբոխից բաժանուելով տուն մտաւ, աշակերտները այդ առակի մասին նրան հարցրին:
18 Ըսաւ անոնց. «Դո՞ւք ալ այդպէս անխելք էք. չէ՞ք ըմբռներ թէ ամէն ինչ՝ որ դուրսէ՛ն կը մտնէ մարդուն մէջ, չի կրնար պղծել զայն,
Եւ նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպէս անմիտ էք, չէ՞ք իմանում, թէ ամէն բան, որ դրսից մարդու մէջ է մտնում, չի կարող նրան պղծել,
19 որովհետեւ ո՛չ թէ անոր սիրտին մէջ կը մտնէ՝ հապա փորը, եւ արտաքնոցը դուրս կ՚ելլէ. ուստի բոլոր կերակուրները մաքուր են՝՝»:
որովհետեւ ոչ թէ նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը եւ դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»:
20 Նաեւ ըսաւ. «Ինչ որ կ՚ելլէ մարդուն ներսէն, անիկա՛ կը պղծէ մարդը:
Եւ ասում էր. «Ինչ որ մարդուց դուրս է գալիս, ա՛յն է, որ պղծում է մարդուն,
21 Որովհետեւ ներսէ՛ն, մարդոց սիրտէ՛ն, կ՚ելլեն չար մտածումներ, շնութիւններ, պոռնկութիւններ, սպանութիւններ,
որովհետեւ ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնութիւն, պոռնկութիւն,
22 գողութիւններ, ագահութիւններ, չարութիւններ, նենգութիւն, ցոփութիւն, չար աչք, հայհոյութիւն, ամբարտաւանութիւն, անմտութիւն:
գողութիւն, սպանութիւն, ագահութիւն, չարութիւն, նենգութիւն, գիջութիւն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտաւանութիւն, անզգամութիւն:
23 Այս բոլոր չար բաները ներսէ՛ն կ՚ելլեն ու կը պղծեն մարդը»:
Այս բոլոր չարիքները ներսից են ելնում եւ պղծում մարդուն»:
24 Կանգնելով՝ անկէ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի հողամասերը, ու տուն մը մտնելով՝ կ՚ուզէր որ ո՛չ մէկը գիտնայ. բայց չկրցաւ թաքուն մնալ:
Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի սահմանները. եւ մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որեւէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած մնալ:
25 Որովհետեւ կին մը, որուն աղջիկը անմաքուր ոգի ունէր իր մէջ, լսեց անոր մասին, եկաւ եւ ինկաւ անոր ոտքը:
Նրա մասին լսեց մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց. սա եկաւ ընկաւ նրա ոտքերը:
26 Այդ կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ցեղէն, ու կը թախանձէր անոր՝ որ հանէ դեւը իր աղջիկէն:
Այս կինը հեթանոս էր, փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի:
27 Յիսուս ըսաւ անոր. «Թո՛յլ տուր՝ որ նախ զաւակնե՛րը կշտանան, քանի որ լաւ չէ առնել զաւակներուն հացը եւ նետել շուներուն»:
Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացը առնել եւ շների առաջ գցել»:
28 Ան ալ պատասխանեց անոր. «Այո՛, Տէ՛ր. սակայն շուներն ալ՝ սեղանին ներքեւ՝ կը կերակրուին զաւակներուն փշրանքներէն»:
Կինը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրւում»:
29 Յիսուս ըսաւ անոր. «Այդ խօսքիդ համար՝ գնա՛, դեւը դուրս ելաւ աղջիկէդ»:
Եւ նա ասաց նրան. «Այդ խօսքիդ համար գնա՛, դեւը քո աղջկանից դուրս ելաւ»:
30 Կինը իր տունը երթալով՝ գտաւ որ դեւը ելած էր, իսկ աղջիկը՝ պառկած մահիճին վրայ:
Կինը գնաց իր տունը եւ դեւին ելած գտաւ, իսկ աղջկան՝ պառկած մահճի վրայ:
31 Դարձեալ Տիւրոսի եւ Սիդոնի հողամասերէն մեկնելով՝ գնաց Գալիլեայի ծովեզերքը, Դեկապոլիսի հողամասին մէջէն:
Եւ դարձեալ դուրս ելնելով Տիւրոսի եւ Սիդոնի սահմաններից, եկաւ Գալիլիայի ծովեզրը, Դեկապոլսի սահմաններից ներս:
32 Մէկը բերին անոր առջեւ, խուլ ու դժուարախօս, եւ կ՚աղաչէին՝ որ ձեռք դնէ անոր վրայ:
Նրա առաջ բերեցին մի խուլ ու համր մարդ եւ աղաչեցին, որ իր ձեռքը դնի նրա վրայ:
33 Բազմութենէն մէկդի առնելով զայն՝ իր մատները մխեց անոր ականջներուն մէջ ու թքնեց, եւ դպաւ անոր լեզուին.
Եւ Յիսուս նրան ամբոխից մի կողմ տանելով՝ իր մատները դրեց նրա ականջների մէջ եւ այնտեղ թքեց. ապա բռնեց նրա լեզուից.
34 ապա երկինք նայելով՝ հառաչեց ու ըսաւ անոր. «Եփփաթա՛», (որ ըսել է՝ բացուէ՛.)
դէպի երկինք նայեց, հոգոց հանեց եւ ասաց՝ Եփփաթա, որ նշանակում է՝ բացուի՛ր:
35 իսկոյն բացուեցան անոր ականջները եւ քակուեցաւ անոր լեզուին կապը, ու շիտակ կը խօսէր:
Եւ իսկոյն նրա լսողութիւնը բացուեց, եւ լեզուի կապանքներն ընկան, եւ խօսում էր ուղիղ:
36 Պատուիրեց անոնց՝ որ ո՛չ մէկուն ըսեն. սակայն ինք ո՛րքան կը պատուիրէր անոնց, անոնք ա՛լ աւելի կը հրապարակէին:
Եւ նա նրանց պատուիրեց, որ ոչ ոքի չասեն. բայց ինչքան էլ նա պատուիրում էր նրանց, նրանք է՛լ աւելի էին տարածում:
37 Չափազանց կ՚ապշէին ու կ՚ըսէին. «Ան ամէն ինչ լաւ կ՚ընէ. խուլերուն լսել կու տայ, եւ համրերուն՝ խօսիլ»:
Եւ աւելի ու աւելի էին զարմանում եւ ասում. «Սա ամէն ինչ լաւ արեց, որովհետեւ խուլերին լսել է տալիս եւ համրերին՝ խօսել»:

< ՄԱՐԿՈՍ 7 >