< ՄԱՐԿՈՍ 9 >
1 Եւ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծու արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»:
2 Վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լերան վրայ եւ նրանց առաջ պայծառակերպուեց:
3 Եւ նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպէս որ երկրի վրայ ոչ մի լուացք անող չի կարող այդքան սպիտակեցնել:
4 Եւ նրանց երեւաց Եղիան՝ Մովսէսի հետ մէկտեղ, ու նրանք խօսում էին Յիսուսի հետ:
5 Պետրոսը Յիսուսին ասաց. «Ռաբբի՛, լաւ է, որ մենք այստեղ լինենք եւ երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկն էլ՝ Եղիայի համար»:
6 Սակայն չգիտէր, թէ ինչ էր խօսում, որովհետեւ զարհուրած էին:
7 Եւ մի ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, դրա՛ն լսեցէք»:
8 Եւ յանկարծակի այս ու այն կողմ նայելով՝ այլեւս ոչ մի տեղ ոչ ոքի չտեսան, այլ միայն Յիսուսին՝ իրենց հետ:
9 Եւ մինչ լեռնից իջնում էին, նա պատուիրեց նրանց, որ իրենց տեսածը մարդու չպատմեն, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի:
10 Նրանք այս խօսքը իրենց մտքում պահում էին եւ միմեանց հարցնում էին, թէ ի՛նչ է մեռելներից յարութիւն առնելը:
11 Ապա հարցրին նրան ու ասացին. «Այն ի՞նչ է, որ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պէտք է գայ»:
12 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Եղիան նախ պիտի գայ եւ ամէն բան կարգի պիտի դնի. իսկ ինչո՞ւ մարդու Որդու մասին գրուած է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգուի:
13 Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկաւ, եւ նրան արեցին, ինչ որ կամեցան, ինչպէս որ գրուած է նրա մասին»:
14 Եւ աշակերտների մօտ գալով՝ նրանց շուրջը տեսաւ մեծ բազմութիւն եւ օրէնսգէտներ, որոնք վիճում էին նրանց հետ:
15 Եւ իսկոյն ամբողջ ժողովուրդը, երբ տեսաւ նրան, զարմացաւ եւ, ընդառաջ վազելով, ողջոյն էր տալիս նրան:
16 Յիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի՞ մասին էիք վիճում նրանց հետ»:
17 Ժողովրդի միջից մէկը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, քեզ մօտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է.
18 եւ ուր պատահում է, նրան գետին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում մնում է: Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»:
19 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. բերէ՛ք նրան ինձ մօտ»:
20 Եւ նրան բերեցին իր մօտ: Երբ չար ոգին նրան տեսաւ, իսկոյն ուժգին ցնցեց տղային, որը, գետին ընկնելով, թաւալւում էր ու փրփրում:
21 Յիսուս հարցրեց նրա հօրը եւ ասաց. «Ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրուանից, ինչ այդ նրան պատահել է»: Եւ նա ասաց. «Մանկութիւնից:
22 Շատ անգամ չար ոգին կրակի եւ ջրի մէջ է նետում նրան, որ կործանի. արդ, եթէ մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէ՛ր, գթալով մեզ»:
23 Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»:
24 Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»:
25 Երբ Յիսուս տեսաւ, որ ժողովուրդը իրար վրայ է հաւաքւում, սաստեց պիղծ ոգուն եւ ասաց. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ»:
26 Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ, այն աստիճան, որ շատերը ասացին, թէ մեռաւ:
27 Յիսուս բռնեց նրա ձեռքից, բարձրացրեց նրան, եւ նա ոտքի կանգնեց:
28 Եւ երբ Յիսուս տուն մտաւ, աշակերտները, առանձին, հարցրին նրան. «Ինչո՞ւ մենք չկարողացանք հանել դրան»:
29 Եւ նա նրանց ասաց. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթէ ոչ ծոմապահութեամբ ու աղօթքով»:
30 Այնտեղից ելնելով՝ նրանք անցնում էին Գալիլիայի միջով, եւ Յիսուս չէր կամենում, որ որեւէ մէկն իմանայ,
31 քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր եւ նրանց ասում. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան. եւ երբ նա սպանուի, երրորդ օրը յարութիւն պիտի առնի»:
32 Բայց նրանք չէին հասկանում այդ խօսքը եւ վախենում էին նրան հարցնել:
33 Եկաւ Կափառնայում եւ, երբ տուն մտաւ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»:
34 Եւ նրանք լուռ էին մնում, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՛վ է մեծը:
35 Եւ երբ նստեց, կանչեց Տասներկուսին ու նրանց ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասաւորը պիտի լինի»:
36 Եւ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մէջ եւ նրան իր գիրկն առնելով՝ նրանց ասաց.
37 «Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»:
38 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»:
39 Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել.
40 քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է:
41 Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
42 «Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր:
43 Եւ եթէ քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշէջ կրակի մէջ: (Geenna )
44
45 Եւ եթէ քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր, քեզնից դէ՛ն գցիր այն. լաւ է, որ դու կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես: (Geenna )
46
47 Եւ եթէ քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծու արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, (Geenna )
48 ուր նրանց որդը չի մեռնում, եւ կրակը չի հանգչում,
49 որովհետեւ ամէն ինչ կրակով պիտի աղուի:
50 Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի համեմուի. արդ, դուք ձեր մէ՛ջ ունեցէք աղը եւ իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»: