< ՅՈՎՀԱՆՆՈԻ 10 >

1 «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է եւ աւազակ. 2 իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների: 3 Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում: 4 Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը: 5 Օտարի յետեւից չեն գնայ, այլ կը փախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»: 6 Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր: 7 Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը: 8 Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին: 9 Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կը փրկուի. կը մտնի ու կ՚ելնի եւ ճարակելու բան կը գտնի: 10 Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան: 11 Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: 12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13 քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում: 14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: 15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կը տամ իմ ոչխարների համար: 16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ: 17 Նրա համար է իմ Հայրն ինձ սիրում, որ ես իմ կեանքն եմ տալիս, որպէսզի վերստին այն առնեմ: 18 Այն ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս. իշխանութիւն ունեմ այն տալու եւ իշխանութիւն ունեմ վերստին այն առնելու. այս պատուէրը իմ Հօրից ստացայ»: 19 Այս խօսքերի պատճառով հրեաների մէջ դարձեալ պառակտում եղաւ: 20 Եւ նրանցից շատերն ասում էին. «Նրա մէջ դեւ կայ եւ մոլեգնում է. ինչո՞ւ էք նրան լսում»: 21 Ոմանք էլ ասում էին. «Սրանք դիւահարի խօսքեր չեն, միթէ դեւը կարո՞ղ է կոյրի աչքերը բանալ»: 22 Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, եւ ձմեռ էր: 23 Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ, Սողոմոնի սրահում: 24 Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»: 25 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին: 26 Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք. 27 իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. 28 եւ ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի: (aiōn g165, aiōnios g166) 29 Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամենքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել: 30 Ես եւ իմ Հայրը մի ենք»: 31 Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն: 32 Յիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրից. դրանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում»: 33 Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար եւ նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»: 34 Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրէնքում չէ՞, որ գրուած է. «Ես ասացի, թէ աստուածներ էք»: 35 Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստծու խօսքը (եւ հնարաւոր չէ, որ Գիրքը ջնջուի), 36 ուրեմն՝ ո՛ւմ Հայրը սրբացրեց եւ աշխարհ ուղարկեց, դուք ասում էք, թէ՝ հայհոյում ես, նրա համար, որ ասացի, թէ՝ Աստծու Որդի եմ: 37 Եթէ իմ Հօր գործերը չեմ անում, ինձ մի՛ հաւատացէք: 38 Իսկ եթէ անում եմ, թէ ինձ էլ չէք հաւատում, գործերի՛ն հաւատացէք, որպէսզի իմանաք եւ ճանաչէք, որ Հայրը իմ մէջ է, եւ ես՝ Հօր մէջ»: 39 Դարձեալ ուզում էին նրան բռնել, բայց նա նրանց ձեռքից դուրս պրծաւ: 40 Եւ վերստին գնաց Յորդանանի միւս կողմը, այնտեղ, ուր Յովհաննէսն էր նախապէս գտնւում եւ մկրտում. եւ այնտեղ էր մնում: 41 Շատեր նրա մօտ եկան եւ ասում էին. «Յովհաննէսը որեւէ նշան չարեց, բայց այն ամէնը, որ Յովհաննէսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»: 42 Եւ այնտեղ շատերը հաւատացին նրան:

< ՅՈՎՀԱՆՆՈԻ 10 >