< ԾՆՆԴՈՑ 48 >
1 Այս դէպքերից յետոյ Յովսէփին յայտնեցին, թէ՝ «Քո հայր Յակոբը հիւանդ է»: Յովսէփը վերցնելով իր երկու որդիներին՝ Մանասէին ու Եփրեմին, եկաւ Յակոբի մօտ: Այդ մասին Յակոբին տեղեակ պահեցին՝ ասելով.
2 «Ահա քո որդի Յովսէփը քեզ մօտ է գալիս»: Իսրայէլն ուժերը հաւաքեց ու նստեց անկողնում:
3 Յակոբն ասաց Յովսէփին. «Իմ Աստուածն ինձ երեւաց Լուզում՝ Քանանացիների երկրում, օրհնեց ինձ
4 ու ասաց. «Ահա ես կ՚աճեցնեմ ու կը բազմացնեմ քեզ, բազում ազգերի նախահայր կը դարձնեմ: Այս երկիրը քեզ կը տամ իբրեւ յաւիտենական ժառանգութիւն»:
5 Արդ, մինչեւ իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնուած քո երկու որդիները իմն են: Եփրեմն ու Մանասէն ինձ համար թող լինեն ինչպէս Ռուբէնն ու Շմաւոնը,
6 իսկ միւս զաւակները, որոնց ծնունդ կը տաս սրանցից յետոյ, թող քոնը լինեն: Նրանք իրենց ժառանգութիւնն ստանալու համար թող կոչուեն իրենց եղբայրների անուամբ:
7 Երբ ես գալիս էի Ասորիների Միջագետքից ու մի ասպարէզի չափ մօտեցել էի Քաբրաթա երկրին, Քանանացիների երկրում մեռաւ քո մայր Ռաքէլը: Ես նրան թաղեցի ճանապարհին, Եփրաթա չհասած. դա Բեթղեհէմն է»:
8 Երբ Իսրայէլը տեսաւ Յովսէփի որդիներին, հարց տուեց. «Սրանք քո ի՞նչն են»:
9 Յովսէփը պատասխանեց հօրը. «Իմ որդիներն են, որոնց Աստուած պարգեւեց ինձ այստեղ»: Յակոբն ասաց. «Նրանց բե՛ր ինձ մօտ, որ օրհնեմ նրանց»:
10 Իսրայէլի աչքերը ծերութեան պատճառով տկարացել էին, նա լաւ չէր տեսնում: Յովսէփը նրանց մօտեցրեց նրան, Յակոբը համբուրեց նրանց ու իր գիրկն առաւ:
11 Իսրայէլն ասաց Յովսէփին. «Ահա ոչ միայն կարօտս առայ քեզնից, այլեւ Աստուած ինձ ցոյց տուեց նաեւ քո զաւակներին»:
12 Յովսէփը նրանց վերցրեց նրա ծնկներից, եւ նրանք մինչեւ գետին խոնարհուեցին նրա առաջ: Յովսէփը առաւ իր երկու որդիներին՝
13 Եփրեմին ունենալով իր աջ կողմում, այսինքն՝ Իսրայէլի ձախ կողմում, եւ Մանասէին իր ձախ կողմում, այսինքն՝ Իսրայէլի աջ կողմում, ու մօտեցրեց նրան:
14 Իսրայէլը մեկնելով իր աջ ձեռքը՝ դրեց Եփրեմի գլխին, որ կրտսերն էր, իսկ ձախը՝ Մանասէի գլխին եւ փոխեց ձեռքերի տեղը, քանի որ Մանասէն էր անդրանիկը:
15 Օրհնեց նրանց եւ ասաց. «Աստուած, որին հաճոյ եղան իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը, Աստուած, որ պահպանեց ինձ իմ մանկութիւնից մինչեւ այսօր,
16 Հրեշտակը, որ փրկեց ինձ ամէն տեսակ փորձանքներից, թող օրհնի այս մանուկներին, թող սրանց մէջ վերապրի իմ անունը եւ իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունը, նրանք օրհնեալ լինեն երկրի վրայ եւ շատ բազմանան»:
17 Յովսէփը տեսաւ, որ հայրն իր աջը դրել է Եփրեմի գլխին, եւ դա ծանր թուաց նրան: Յովսէփն ուզեց օգնել հօրը, որ նա իր ձեռքը հանի Եփրեմի գլխի վրայից եւ դնի Մանասէի գլխին:
18 Յովսէփն ասաց իր հօրը. «Կարգն այդպէս չէ, հա՛յր, որովհետեւ սա է անդրանիկը: Քո աջը դիր սրա՛ գլխին»:
19 Հայրը, սակայն, այդ չկամեցաւ, այլ ասաց. «Գիտեմ, որդեա՛կ, գիտեմ: Սա նոյնպէս ժողովուրդ թող դառնայ, փառաւորուի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կը լինի: Նրա որդին բազում ազգերի նախահայր կը լինի»:
20 Յակոբն այդ օրը օրհնեց նրանց՝ ասելով. «Իսրայէլը թող ձեր միջոցով օրհնեալ լինի: Թող ասեն. «Աստուած քեզ հետ թող վարուի այնպէս, ինչպէս Եփրեմի ու Մանասէի հետ»: Եւ նա Եփրեմին աւելի առաջ դասեց, քան Մանասէին:
21 Իսրայէլն ասաց Յովսէփին. «Ահա մեռնում եմ: Աստուած ձեզ հետ լինի եւ ձեզ վերադարձնի ձեր նախնիների երկիրը:
22 Ես քեզ իբրեւ սեփականութիւն տալիս եմ իմ սրով ու աղեղով ամորհացիներից գրաւած Սիկիմը, որն աւելի մեծ է, քան քո եղբայրների բաժինը»: