< ԾՆՆԴՈՑ 10 >
1 Սրանք են Նոյի որդիների՝ Սէմի, Քամի, Յաբէթի սերունդները. ջրհեղեղից յետոյ որդիներ ծնուեցին նրանց:
2 Յաբէթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Յաւանը, Ելիսան, Թոբէլը, Մոսոքը եւ Թիրասը:
3 Գամերի որդիներն են Ասքանազը, Րիփաթը եւ Թորգոման:
4 Յաւանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու ռոդացիները:
5 Սրանցից է, որ բաժանուեցին եւ ծովեզերքում բնակութիւն հաստատեցին ժողովուրդները՝ իւրաքանչիւրն ըստ իր երկրում ունեցած լեզուների եւ տոհմերի:
6 Քամի որդիներն են Քուշն ու Մեստրեմը, Փուդն ու Քանանը:
7 Քուշի որդիներն են Սաբան, Եւիլան, Սաբաթան, Ռեգման եւ Սաբակաթան: Ռեգմայի որդիներն են Սաբան եւ Յուդադանը:
8 Քուշը ծնեց Նեբրոթին: Նա առաջին հսկան էր երկրի վրայ:
9 Նա քաջ որսորդ էր Աստծու առաջ: Դրա համար էլ ասոյթ դարձաւ. «Նեբրոթի պէս քաջ է Տէր Աստծու առաջ»:
10 Նրա թագաւորութիւնն սկիզբ առաւ Բաբելոնում եւ ընդգրկում էր Որէքը, Աքադն ու Քաղանէն, որոնք գտնւում էին Սենաար երկրում:
11 Նեբրոթն ելաւ այդ երկրից ու գնաց Ասուր, կառուցեց Նինուէն, Ռոբոթ քաղաքը, Քաղանը,
12 ինչպէս նաեւ Նինուէի ու Քաղանի միջեւ գտնուող Դասեմանը: Սա մեծ քաղաք էր:
13 Մեստրեմը սերեց լուդիիմացիներին, սենիիմացիներին, սաղբիիմացիներին, հեփթաղիիմացիներին,
14 պատրոսոնիիմացիներին եւ քասղոնիիմացիներին, որոնցից սկիզբ առան փղշտացիներն ու կափթոորիմացիները:
15 Քանանը ծնունդ տուեց Սիդոնին՝ իր անդրանիկ որդուն, քետացիներին,
16 յեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,
17 խեւացիներին, արուակացիներին, ամինացիներին,
18 արադիոնացիներին, սամարացիներին եւ ամաթացիներին: Դրանից յետոյ սփռուեցին քանանացիների ցեղերը:
19 Քանանացիների սահմանները ձգուեցին Սիդոնից մինչեւ Գերարա, որ Գազայի մօտ էր, մինչեւ Սոդոմ եւ Գոմոր, Ադամայից ու Սեբոյիմից մինչեւ Լասա:
20 Ահա սրանք են Քամի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրների ու իրենց տոհմերի:
21 Յաբէթի երէց եղբայրը՝ Սէմը, որ Եբերի բոլոր որդիների նախահայրն էր, նոյնպէս ծնեց որդիներ:
22 Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը:
23 Արամի որդիներն են Հուսը, Եմուղը, Գադերն ու Մոսոքը:
24 Արփաքսադը ծնեց Կայնանին, Կայնանը ծնեց Սաղային, իսկ Սաղան ծնեց Եբերին:
25 Եբերը ծնեց երկու որդի. մէկի անունը Փաղէկ էր, որովհետեւ նրա օրօք ցրուեցին մարդիկ, իսկ եղբօր անունը Յեկտան էր:
26 Յեկտանը ծնեց Էլմոդադին, Սալէքին, Ասարմոդին, Յարաքին,
27 Յոդորամին, Եզէլին, Դեկլային,
28 Գեբաղին, Աբիմէէլին, Սաբէիին,
29 Ուփիրին, Եւիլային ու Յոբաբին: Սրանք բոլորը Յեկտանի որդիներն են:
30 Նրանք բնակութիւն հաստատեցին Մասէից մինչեւ Սոփերա, որ գտնւում էր արեւելեան լերան կողմը:
31 Ահա սրանք են Սէմի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրի ու տոհմերի:
32 Այս է Նոյի որդիների ցեղերի ծննդաբանութիւնն ըստ իրենց տոհմերի: Ջրհեղեղից յետոյ աշխարհով մէկ սփռուած ժողովուրդները սրանցից են առաջացել: