< ԵԼՔ 5 >
1 Այնուհետեւ Մովսէսն ու Ահարոնը եկան փարաւոնի մօտ ու ասացին նրան. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ իմ պատուին տօն կատարի անապատում»:
2 Փարաւոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ պիտի ազատ արձակեմ իսրայէլացիներին: Այդ Տիրոջը ես չեմ ճանաչում եւ իսրայէլացիներին էլ չեմ արձակում»:
3 Նրան ասացին. «Եբրայեցիների Աստուածն է կանչել մեզ իր մօտ: Արդ, երեք օրուայ ճանապարհ պիտի գնանք անապատով, որպէսզի զոհ մատուցենք մեր տէր Աստծուն, այլապէս մեզ մահ կամ սպանութիւն է սպասում»:
4 Եգիպտացիների արքան նրանց ասաց. «Մովսէս եւ Ահարոն, դուք ինչո՞ւ էք մարդկանց կտրում իրենց գործից: Ամէն մէկը թող գնայ իր գործին»:
5 Եւ փարաւոնը շարունակեց. «Ահա երկրիս մէջ խիստ բազմանում է ժողովուրդը, նրանց գործից չկտրենք»:
6 Փարաւոնն այդ օրը ժողովրդի գործավարներին ու նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով.
7 «Այդ մարդկանց այլեւս յարդ չտաք աղիւս շինելու համար, ինչպէս տալիս էիք մինչեւ օրս: Իրենք թող գնան ու իրենց համար յարդ հայթայթեն: Եւ ստիպեցէ՛ք,
8 որ, որքան առաջ էին նրանք աղիւս շինում, նոյնքան էլ շինեն այսուհետեւ. բան չպակասեցնէ՛ք: Անգործ մնալու պատճառով է, որ նրանք աղաղակում են ու ասում. «Գնանք, զոհ մատուցենք մեր Աստծուն»:
9 Թող մարդկանց գործն է՛լ աւելի ծանրանայ, որպէսզի դրանով զբաղուեն եւ ոչ թէ դատարկ բաների մասին մտածեն»:
10 Ժողովրդի գործավարները եւ նրանց վերակացուները խիստ ծանր աշխատանքի լծեցին նրանց եւ, դիմելով ժողովրդին, ասացին. «Այսպէս է ասում փարաւոնը. «Ձեզ այլեւս յարդ չեմ տայ:
11 Դուք ինքներդ գնացէ՛ք, ձեզ համար յարդ հաւաքեցէ՛ք, ուր որ գտնէք, բայց սահմանուած չափից ոչինչ չպիտի պակասի»:
12 Ժողովուրդը սփռուեց ամբողջ Եգիպտոսով մէկ, որպէսզի եղէգ հաւաքի յարդ պատրաստելու համար:
13 Գործավարներն ստիպում էին նրանց անընդհատ աշխատել՝ ասելով. «Ձեր ամենօրեայ գործն արէք այն չափով, ինչպէս որ երբ յարդ էին տալիս ձեզ»:
14 Եւ իսրայէլացի գործավարները տանջանքի էին ենթարկւում փարաւոնի՝ իրենց վրայ նշանակած վերակացուներից, որոնք ասում էին. «Ինչո՞ւ այսօր էլ աղիւս չէք շինում այնքան, որքան մինչեւ օրս»:
15 Իսրայէլացի գործավարները գնացին բողոքեցին փարաւոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպէս վարւում քո ծառաների հետ:
16 Քո ծառաներին յարդ չեն տալիս, բայց հրամայում են, որ աղիւս շինենք: Քո ծառաներն, ահա, տանջանքի մէջ են: Դու կեղեքում ես քո ժողովրդին»:
17 Փարաւոնը նրանց ասաց. «Դուք ծոյլ ու անբան մարդիկ էք, դրա համար էլ ասում էք. «Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն»:
18 Արդ, գնացէք աշխատեցէ՛ք, որովհետեւ ոչ ոք ձեզ յարդ չի տալու, բայց դուք աղիւսի սահմանուած քանակը պէտք է տաք»:
19 Իսրայէլացիների գործավարները, տեսնելով իրենց այս ծանր կացութիւնը, իրար մէջ ասացին. «Ոչ ոք չի նուազեցնի աղիւս շինելու մեր ամենօրեայ քանակը»:
20 Նրանք հանդիպեցին Մովսէսին ու Ահարոնին, որոնք փարաւոնի պալատից ելնելով՝ գալիս էին իրենց մօտ:
21 Նրանք ասացին նրանց. «Թող Աստուած աչքի առաջ ունենայ ձեզ եւ դատի, քանի որ մեր հօտը գարշելի դարձրիք փարաւոնի ու նրա պաշտօնեաների աչքին: Դուք սուր տուեցիք նրա ձեռքը, որ նա մեզ սպանի»:
22 Դիմելով Տիրոջը՝ Մովսէսն ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ չարչարեցիր քո ժողովրդին եւ ինչո՞ւ ուղարկեցիր ինձ:
23 Այն պահից, երբ մտայ փարաւոնի պալատը քո անունից նրա հետ խօսելու համար, նա չարչարեց ժողովրդին, իսկ դու երբեք չես փրկում քո ժողովրդին»: